«Ձեր հարցերից արդեն երևում է, որ ձեզ դժվար է համոզել». ՊԵԿ նախագահը լրագրողներին՝ Մեղրիի քաղաքապետի նկատմամբ ճնշումների մասին
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցում է՝ Սյունիքում մաքսային պահեստի փակումը չի հետևել Սյունիքի իրադարձություններին, մաքսային պահեստներում ստուգումները վաղուց են իրականացվել և դրանք մշտական դիտարկման ներքո են եղել:
«Դուք եք կապում նշված իրադարձությունների հետ», այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահը:
Նա նկատեց, որ ոչ միայն Ագարակի տերմինալի գործունեության թույլտվությունն է դադարել, այլ նաև դադարեցվել է այլ մաքսային պահեստի գործունեություն, որը չի համապատասխանել մաքսային կարգավորման մասին օրենքին:
Հարցին, թե ինչո՞վ կարող եք համոզել, որ սա քաղաքական ճնշում և պատվեր չէ Մեղրիի քաղաքապետի նկատմամբ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ձեր հարցերից արդեն երևում է, որ ձեզ դժվար է համոզել»:
Ճշտող հարցին, որ ոչ թե լրագրողներին այլ հանրությանը պետք է համոզել, ՊԵԿ նախագահը նկտաեց, որ հանրությանն էլ համոզելու կարիք չի տեսնում:
«Ես պատասխանեցի ձեր հարցերին, մեկնաբանեցի մեր գործողությունները: Տվյալ պահեստի տարածքում բեռնաթափվել են ապրանքներ եւ մաքսազերծվել են: Այս պահին ապրանքները մաքսազերծվում են Մեղրիի մաքսակետում, այնտեղ կա նաեւ այլ մաքսային պահեստ: Ցանկության դեպքում տնտեսվարողները կարող են իրենց ապրանքները տեղափոխել այդ մաքսային պահեստ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում