Ադրբեջանցիներն արգելել են Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և ուխտավորների մուտքը Դադիվանք
Ապրիլի 25-ին ադրբեջանի զինվորականները թույլ չեն տվել ուխտավորներին այցելել Դադիվանք։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։
Նրա փոխանցմամբ՝ ապրիլի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից համավարակի պատրվակով արգելվել է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և մի խումբ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Նա հայտնեց, որ այդ օրը վանքում նախատեսված էր վանաբնակ միաբանի քահանայական ձեռնադրություն, որի մասին վաղօրոք ծանուցվել էր, և այն համաձայնեցվել էր ռուս խաղաղապահների հրամանատարության հետ։
«Այսպիսով, հակառակ կատարված նախնական անհրաժեշտ բոլոր տնօրինումների, հնարավոր չեղավ մոտենալ վանքին։ Ավելին՝ արտոնություն ստացած ուխտավորների 25 հոգանոց խմբի թվաքանակն իջեցվել էր տասի։ Իսկ արգելքից հետո չի արտոնվել անգամ փոխանցել միաբանների համար պարբերաբար մատակարարվող սնունդը։
Ակնհայտ է, որ այսպիսով ադրբեջանական կողմը ձգտել է ձախողել քահանայական ձեռնադրությունը, որը նույն օրը երեկոյան կազմակերպվեց Գանձասարի վանքում»,- հայտնել է Տեր Վահրամը՝ ընդգծելով, որ դատապարտելի է Ադրբեջանի սույն մերժելի կեծցվածքը, որով արհեստական արգելքներ են ստեղծվում հայկական պատմական վանքի ու նրա միաբանության հոգևոր առաքելության համար և խախտվում վերջինիս կենսագործունեության շուրջ Ռուսաստանի իշխանությունների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է և հերթական արտահայտությունն է հայատյացության, հայկական սրբավայրերի և հայ ժողովրդի հոգևոր կյանքի նկատմամբ ոտնձգության։