Թուրքիան կարձագանքի Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հետ կապված հայտարարությանը
Անկարան կարձագանքի Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշմանը:
Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:
«Առաջիկա օրերին և ամիսներին կլինեն տարբեր ձևերի, տեսակների և աստիճանի արձագանքներ»,-ասել է Էրդողանի խոսնակը:
Կալինը ամերիկյան իշխանությունների որոշումը «պարզապես վրդովեցուցիչ» է անվանել: Միևնույն ժամանակ, նա չի հստակեցրել, թե Անկարան կսահմանափակի՞ ԱՄՆ մուտքը Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ավիաբազա, որն օգտագործվում է միջազգային հակաահաբեկչական կոալիցիային աջակցելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը իր խոսքում նշեց ցեղասպանություն տերմինը: