Տոկիոյում արդեն 200 տոկոսանոց մարզավիճակում եմ մասնակցելու. Սիմոն Մարտիրոսյան
Չստացվեց այն, ինչի համար գնացել էինք. դրա համար կա մեկ պատճառ, որ ունեի վնասվածք, որի պատճառով չհասցրեցի լավ մարզավիճակ ձեռք բերել: Այդ մասին քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի ծանրամարտի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
«Բայց չենք հուսահատվում, արդեն գիտենք՝ պատճառն ինչն է և շարժվում ենք դեպի Տոկիո, և Տոկիոյում արդեն 200 տոկոսանոց մարզավիճակում եմ մասնակցելու»,- ասաց մարզիկը:
Սիմոն Մարտիրոսյանն անդրադարձավ նաև համացանցում շրջանառվող այն լուրերին, որ նա Քարվաճառում է ստացել վնասվածքը:
«Չէ, վնասվածքը մարզումների ժամանակ եմ ստացել, այնտեղ թեթև ցավեցրել եմ, բայց դե արդարացումներ չկան, ուղղակի չի ստացվել, այդ օրը օրը չէր, հետագայում արդեն լավ է լինելու»,- եզրափակեց Աշխարհի չեմպիոնը: