Պատերազմի 44 օրվա ընթացքում ես գիշերները չեմ հանգցրել իմ տան լույսը... մտածում էի՝ կյանքիս Լույսն էլ կմարի...
Մի օր կնստեմ ու կգրեմ իմ վեպը պատերազմի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լուսինե Հարոյանը:
«Մի հին ֆիլմ կա պատերազմի մասին... կոչվում է` Վաղը պատերազմ էր... Завтра была война...
Չգիտեմ ինչու՞ է էս վերնագիրն էսքան ինձ դուր գալիս. երևի այն պատճառով որ էստեղ ժամանակը մոլորվել է` իսկը ինձ նման...
Եթե չլիներ ֆիլմը, վեպս այդպես կանվանեի...
«Ես երբեք չեմ մոռանա սեպտեմբերի 27-ի առավոտը...
8:15 հեռախոսս զանգեց... անուշ քունս չէր ուզում ընդհատվել` մի աչքով նայեցի, տեսա քույրս է, մտածեցի չեմ պատասխանի, երկու ժամից կզարթնեմ, հետ կզանգեմ..
Շուռ եկա մյուս կողմի վրա ու իմ որոշումից գոհ վերադարձա երազիս...
2 րոպե անց նորից հեռախոսս զնգաց...
Արդեն բարկացած նայեցի հեռախոսիս` ընկերուհիս էր...
Չգիտեմ ինչպես, բայց հասկացա, որ մի սարսափելի բան է եղել` երևի մայրական բնազդս հասկացավ...
Կայծակնային արագությամբ նստեցի ու վերցրի հեռախոսը` պատրաստ լսելու շատ վատ լուր, բայց այն ժամանակ ես չգիտեի, թե ինչ է նշանակում վատ լուր, իմ պատկերացումները վատ լուրերի մասին լրիվ այլ էին...
Հեռախոսի մեջ լսվեց ընկերուհուս լացակումած ձայնը`
-Լուս... վեր կաց.... Ղարաբաղում պատերազմ է....»
Պատերազմի 44 օրվա ընթացքում ես գիշերները չեմ հանգցրել իմ տան լույսը... մտածում էի, որ եթե հանգցնեմ տանս լույսը, իմ կյանքի Լույսն էլ կմարի...
Իմ կյանքի Լույսը չմարեց, բայց էնքան Լույսեր մարեցին...
Ու շուրջս մթնեց...
Ու պատերազմը չավարտվեց, որովհետև այն չավարտվեց իրենց Լույս Տղերքին կորցրած մամաների համար...
Իրենց համար վաղը միշտ պատերազմ կլինի...
Ու իմ վեպը անավարտ կմնա...»: