Ձվի գինը Զատկից առաջ կիջնի. ՏՄՊՊՀ նախագահ
Վաղը վարույթ կհարուցվի ձվի շուկայի խոշոր տնտեսավարողների հետ կապված՝ պարզելու մի շարք հանգամանքներ: Այս մասին, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը` անդրադառնալով շուկայում ձվի դեֆիցիտին, թանկացումներին:
««150 էջ վերլուծություն ենք արել, թե ինչո՞ւ է մեկ օրում հավի ձվի գինը համատարած իջնում-բարձրանում: Արդյոք դեֆիցիտը արհեստակա՞ն է, արդյոք միջնորդ կազմակերպություննե՞րն են այդ արհեստական դեֆիցիտը ստեղծում, արդյոք կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե կա գերիշխող դիրքի չարաշահում եւ արդյոք գնային բարձրացումներն օբյեկտի՞վ են։ Եթե պատասխաններից որեւէ մեկը դրական կլինի, բնականաբար, տնտեսավարողները պատասխանատվություն կկրեն»,- ասաց Գեւորգյանը։
ՏՄՊՊՀ նախագահի կարծիքով՝ ակնհայտ է, որ կան անձինք, որ խոշոր ծավալի գնումներ են կատարում եւ սպառողական նպատակի համար չեն իրականացնում։
«Իհարկե, որոշակի միջոցառումներ իրականացվել են, հանդիպել ենք առեւտրային ցանցերի, տեսչական մարմինների, թռչնաբույծների միության ներկայացուցիչների հետ։ Մենք ներքին քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ ձվի գինը Զատիկից առաջ կիջնի, արդեն իսկ շուկայում ձվի գինն իջնում է»,- նշեց Գեւորգյանը: