Ամենամեծ դիրքորոշումն ունենալու է Հանրապետականը. Գալուստ Սահակյան
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը չի հավատում, որ հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն։ Նա իր կուսակցիների հետ գտնվում էր Կոմիտասի անվան Պանթեոնում ՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։
Չնայած ընտրությունների մասին ունեցած իր տեսակետին, Գալուստ Սահակյանը նկատում է, որ եթե այնուամենայնիվ ընտրություններ տեղի ունենան, ապա ամենամեծ դիրքորոշումն ունենալու է Հանրապետականը։
«Բայց դեռ ընտրություններին վերաբերող հարցեր չենք քննարկել, դրա ժամանակը չէ։ Մեր խնդիրը մեկն է, որ հայ ազգը պահպանի իր պետականությունը։ Այսօր խոսել, թե ով պիտի գա, ինչ պիտի լինի..., տա Աստված, որ գան մարդիկ, որոնք պաշտում են հայ ժողովրդին ու մտածում են նրա մասին։ Այս տեսակը դաշտում կա։ Թե ովքեր են այդ մարդիկ, կուսակցությունը կհայտարարի, երբ ժամանակը գա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։