Դե յուրե չունենք ընտրության օր, ունենք գրառում. ինչ գիտենք, թե երեք ամիս հետո ինչ է լինելու. Շարմազանով
Դե յուրե դեռևս ընտրություններ նշանակված չեն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը
Նա նշեց, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, իսկ իրականում կապիտուլյանտի կողմից հայտարարություն անելը դեռևս դե յուրե չի նշանակում, որ ընտրություն է լինելու:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրության օրը, և ՀՀԿ-ն օրենքով սահմանված, կարգով և ժամկետներով իր որոշումը կկայացնի ու կարծիքը կարտահայտի:
«Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու, Հանրապետականն ունի անելիք և ասելիք, Հանրապետականը պայքարելու է իր իդեալների համար՝ անկախության, ինքնիշխանության, Արցախյան հիմնախնդրում հայկական լուծման, բնականաբար, գլխավոր խոչընդոտի դեմ: Իսկ գլխավոր խոչընդոտն է նիկոլիզմը, կապիտուլյանտը մարմնավորում է այդ նիկոլիզմը»,- ասաց Շարմազանովը:
Շարմազանովը չասաց, թե ով կլինի վարչապետի ՀՀԿ֊ի թեկնածուն: Միայն նկատեց, որ ՀՀԿ-ի կադրային բազան բավականին պրոֆեսիոնալ է և հարուստ:
«Դե յուրե չունենք ընտրության օր, ունենք գրառում: Երբ հրաժարական տա, երբ խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ, միգուցե ընտրում է, կամ՝ վարչապետի պարտականությունն իր վրա՞ է մնում, թե՞ ուրիշի, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարով է գնում, թե՞ հեռանում է Հայաստանից… Ինչ գիտենք, թե երեք ամիս հետո ինչ է լինելու: Երբ որ ԿԸՀ-ն արդեն հայտարարարի ընտրության օրը, այդ ժամկետում մեր կարծիքը կասենք»: