Հակոբ Արշակյանը հենց այս պահին հրաժարական պիտի ներկայացնի
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրողի վրա բռնություն գործադրելուն, գրել է.
«Երբ իշխանությունը բեսպրեդել «գողական» է դառնում։
Քիչ առաջ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա։
Դիմել եմ ոստիկանություն։
Արշակյանը հենց այս պահին հրաժարական պիտի ներկայացնի»։
Նույն դեպքին անդրադարձել է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հայտարարել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա, հասցրել մարմնական վնասվածքներ և գույքային վնասներ։ Դեպքի հանգամանքերը իրավապահ մարմինները կպարզեն։
Վերջին ժամանակներում ներքաղաքական լարվածության հետ պայմանավորված հաճախակի են դարձել նաև լրագրողների նկատմամբ հարձակումները թե՛ քաղաքացիների և թե՛ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։ Եթե առաջին դեպքում գործ ունենք ցածր իրավագիտակցության և համընդհանուր սևուսպիտակի ատելության գեներացման հետևանքների հետ, ապա երկրորդ դեպքում՝ լրագրողների նկատմամբ գիտակցված անհանդուրժողականության հետ։
Հանրային և քաղաքական գործիչները, պաշտոնյաները այս հարցում կրում են ավելի բարձր պատասխանատվություն և պետք է լինեն ավելի զսպված և համագործակցային։ Նրանք պետք է գիտակցեն, որ մշտապես հասարակության ուշադրության և հետաքրքրասիրության կենտրոնում են և իրենց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը ևս սահմանափակված է։
Հարգելի՛ պաշտոնյաներ, ցուցաբերեք հանգստություն և հանդուրժողականություն»։