Դեռ պարզվում է` մահերը կապվա՞ծ են «AstraZeneca-ի պատվաստանյութի հետ, բայց նախարարը չի բացառում` որ Հայաստանն այն կներմուծի (Տեսանյութ)
«AstraZeneca»-ի պատվաստանյութի Հայաստան ներմուծման հետ կապված գործընթացները կախված են հետազոտությունների արդյունքներից եւ իրադարձությունների ընթացքից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա չի բացառում, որ Հայաստանը կներմուծի «AstraZeneca»-ի պատվաստանյութը:
«COVAX facility հարթակով բանակցություններ ենք վարում, այո, նաև «AstraZeneca»-ի հետ, եւ շարունակելու ենք վարել: Մեր որոշումները կայացնելու ենք, հիմնվելով մասնագիտական միջազգային կառույցների եզրակացությունների վրա», - ասաց նախարարը:
Նրա խոսքով, Հայաստանը չի պատրաստվում կենտրոնանալ միայն մեկ պատվաստանյութի վրա՝ «մի քանի տարբերակ ենք պատրաստվում ունենալ»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին շատ երկրներ սկսել են աստիճանաբար հրաժարվել կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» ընկերության արտադրած պատվաստանյութից: Մասնագետներին մտահոգում են այն տեղեկությունները, որ պատվաստանյութը կարող է նպաստել թրոմբի առաջացմանը եւ կարող է անվտանգ չլինել տարեցների համար: