ԱԺ-ն «հերոսաբար» ու ծափողջյուններով հաստատեց 2016թ-ի բյուջեն
97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ծափահարությունների ներքո ընդունեց 2016թ-ի պետական բյուջեի նախագիծը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում էր 2016թ.-ի պետական բյուջեի նախագիծը:
Մինչև քվեարկության անցնելը` ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե իրենք չեն մասնակցի պետական բյուջեի քվեարկությանը:
«Քանի որ լինելու են հերոսաբար դեմ ու կողմ քվեարկողներ, մեր խմբակցությունն ուղղակի չի քվեարկի»,- նշեց Վարդանյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին:
«Կարծում եմ այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ, մենք ոչ թե հերոսաբար, այլ՝ սթափ, պրագմատիկ քվեարկում ենք կողմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Այդպիսով 2016թ.-ի պետական բյուջեին կողմ քվեարկեցին ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները, «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունները քվեարկեցին դեմ, դեմ քվեարկեցին նաև ՀԱԿ-ից ներկա երկու պատգամավորները՝ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը, քանի որ ՀԱԿ խմբակցության մյուս պատգամավորները բոյկոտում են նիստն ու չեն մասնակցում, իսկ ՀՅԴ-ն չմասնակցեց քվեարկությանը: