ԴԱՀԿ-ն գումարներ է բռնագանձում՝ ամսական մի քանի տուգանքներ նշանակելով
«Իշխանությունները իրենց պարտականությունները չեն կատարում, քանի որ իշխանությունը յուրացված է»,- լրագրողների հետ զրույցում իր տեսակետը հայտնեց «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանը: Մասնավորապես անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությանը, նա նկատեց, որ շատ է նաեւ սեփականության իրավունքի հետ կապված խախտումները:
«ԴԱՀԿ-ն գումարներ է բռնագանձում՝ ամսական մի քանի տուգանքներ նշանակելով, դա համատարած բնույթ է կրում եւ միայն այս մարմինները չեն, որ տուգանում են մարդկանց, հարկային յուրաքանչյուր տեսչություն ամսական մոտ 200 տուգանքի որոշում է կայացնում, որոնք տնտեսական ազատ գործունեության, մարդու սեփականության իրավունքի միջամտություններ են», – ասաց Արտակ Զեյնալյանը` հավելելով, որ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, պետք չէ համեմատվել այլ երկրների հետ, քանի որ հայ ազգը ունակ է եւ Հայաստանը կարող է լինել իրավունք արտահանող երկիր:
«Մենք արժանի ենք եւ պետք չէ համեմատվենք այլ երկրների հետ: Իրավունքի ոլորտներ կան, որոնց պարագայում եվրոպական երկրների հետ էլ չենք ուզում համեմատվել, քանի որ մենք ավելի լավն ենք»,- ասաց Զեյնալյանը: