Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը հետընթաց է ապրել
«Այս տարի թանկացումների դեմ բողոքի ակցիան եւ հանրաքվեն ցույց տվեցին, որ մեր երկրում խախտվում են մարդու իրավունքները:
Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանը:
Նա նկատեց, որ, նախորդ տարիների համեմատ, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը հետընթաց է ապրել:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ հանրաքվեի ժամանակ ոչ միայն վերակենդանացան մարդու իրավունքների մի շարք խախտումներ, այլև դրանց ավելացան նաև նոր տեսակներ:
«Ընտրություններն ազատ ու անկախ չեն եղել, ժողովրդի կամքը չի արտահայտվել եւ այդ ամեն ինչը պատշաճ ձեւով չի արձանագրվել, իրավական պաշտպանության իրավունքը եւս խախտվել է, քանի որ վստահված անձանց ու դիտորդներին թույլ չեն տվել անարգել ձեւով ծանոթանալ ընտրական ցուցակներին: Սա համակարգային բնույթ է կրում եւ ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչել»,- ասաց Զեյլնալյանը:
Վկայակոչելով Ազատության հրապարակում անցկացվող նստացույցը, նա նշեց, որ խախտված է նաեւ ազատության իրավունքը, քանի որ այս ցուրտ ձմռան եղանակներին մարդկանց հարկավոր են վրաններ, բայց նրանց թույլ չեն տալիս տեղադրել դրանք:
«Սա նույնպես մարդու իրավունքների խախտում է: Լրագրողները ենթարկվել են բռնությունների, կոտրվել են նրանց տեսախցիկները, սակայն, պատշաճ քննություններ չեն իրականացվել, որը ևս մարդու իրավունքների խախտում է»: