Արիանա Հովսեփյանի «թուքումուրից» հետո Դավթաշենում լայն թափով ասֆալտապատում է սկսել (տեսանյութ)
Այս իշխանությունները, գաղտնիք չէ, միակ բանով, որով լավ առումով աչքի են ընկել, ասֆալտապատումն է: Բայց արի ու տես ու Հայաստանի սրտի՝ մայրաքաղաք Երևանի տարբեր թաղամասեր անտերության են մատնվում, այնքան ժամանակ, մինչև քաղաքային իշխանություններին «ցեխը չես մտցնում»:
Վառ օրինակ, NEWSPRESS.am-ի հրապարակումներից մեկը Առնո Բաբաջանյան փողոցում, երբ մեր հրապարակումից հետո միայն վերսկսեցին ամիսներ շարունակ կիսատ թողնված շինաշխատանքները, իսկ այդ պահին առկա փոսերը սկսեցին լցվել կրկին հրապարակումից հետո միայն:
Այս անգամ էլ քաղաքային իշխանություն կոչվածը սայլը տեղից շարժել է Դավթաշեն վարչական շրջանում, երբ NEWSPRESS.am-ի հիմնադիր, հասարակական գործիչ Արիանա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ցույց է տվել Եղվարդի խճուղու ասֆալտը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը և մի քանի «քաղցր խոսք» հղել վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանին: Այն ղեկավարին, ում առանձնատան դիմաց (տեսանյութում՝ 1:33 վրկ.) գծանշումներով, կոկիկ, հարթ ասֆալտապատ ճանապարհ է, իսկ դրանից այնկողմ հեռավոր գյուղական ճանապարհ է հիշեցնում:

Թումասյանի տունը
Հրապարակումից 24 ժամ էլ չի անցել, և այսօր նույն փողոցում լայն թափով շինարարություն է ընթանում:
Ի՞նչ է ստացվում. քաղաքը վերածվում է «բարդակի» այնքան ժամանակ, մինչև այդ մասին ինչ-որ մեկը կբարձրաձայնի և ցույց կտա պատասխանատու պաշտոնյայի իրական դեմքը: Չգիտե՞ր, ասենք, երեկ չէ առաջին օրը թաղապետ Թումասյանը, որ այդ հատվածում ճանապարհը ողբերգական վիճակում է: Վստահաբար գիտեր: Գումար չկա՞ր այն վերանորոգելու համար: Կար, իհարկե կար, եթե չկար, այդ ի՞նչ հրաշքով մեկ օրում հայթայթվեց գումարը, որ կարողացավ այսօր ճանապարհի շինարարությունը սկսել: Ուրեմն ընդամենն անգործության հետ գործ ունենք, ապաշնորհության, ապիկարության:
Չնայած՝ լավ է, որ այս անգամ գոնե քննադատությունը հասավ նպատակին՝ խնդիրը սկսեց լուծվել, ի տարբերություն շատ ու շատ այլ դեպքերի, երբ հանրության քննադատությունն իշխանության կողքով է անցնում:
Փողոցը երեկ և այսօր՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում