«Իմ տարիքային տղերքի հետ կգնամ բանակ, կգամ՝ ուսումս կշարունակեմ»․ Մարգար Մելքոնյանին նաև լեյտենանտի կոչումն էր սպասում․․․ ամեն ինչ կիսատ մնաց (տեսանյութ)
Մելքոնյան Մարգար Աշոտի։ Նա այն հերոսներից մեկն է, ով նահատակվեց հանուն հայրենիքի, ով ուներ բազում անավարտ նպատակներ ու նոր սկսվող կյանք․․․
Նա կիսատ թողած ուսումն էր շարունակելու, գնալու էր իր երազանքների ու նպատակների հետևից, դառնալու էր ծրագրավորող, ընտանիք էր կազմելու․․․ և ապրելու էր․․․
Մարգար Մելքոնյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսին 2-ին։ Սովորել՝ 134 հիմնական դպրոցում։ Ավարտելով դպրոցն ընդունվել է Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջ՝ ծրագրավորման բաժին։

Ուսումը կիսատ թողնելով՝ անցել է ծառայության սկզբում Լուսակերտում, ապա Գյումրիում։ Մորաքրոջ տղան NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմում է, որ չէր ուզում իր հասակակիցներից հետ ընկնել։
«Վիճում էր ամեն անգամ, ասում էր, ես իմ ժամանակին՝ իմ տարիքային տղերքի հետ եմ գնալու բանակ, հետո կգամ, ուսումս կշարունակեմ»։
Ժամկետային ծառայության մեկնել է 2020 թվականի հունվարի 13-ին։ Մեկ ամիս ծառայել է Լուսակերտում, զինվորական երդումը տալուց հետո տեղափոխվել է Գյումրի, որտեղից 5 ամիս անց էլ մեկնել է Արցախ՝ սերժանտի կոչումով։ Մարտունի 2-ում ծառայել է որպես հրետանու հետախուզական ջոկատի հրամանատար։

Մոտ 9 ամսի էր ծառայում, երբ սկսվեց պատերազմը։
Երբեք չի տրտնջացել վիճակից ու ամեն հեռախոսազրույցի ժամանակ ասել է, թե ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լավ է լինելու։
Վերջին անգամ նա ընտանիքի անդամների՝ իրեն սպասող, հոր, մոր և փոքր քրոջ հետ խոսել է հոկտեմբերի 21-ին։ Հայտնել է, որ ուզում են իրեն լեյտենանտի կոչում տալ։ Հայրը դեմ է եղել, բայց Մարգարը չի հրաժարվել կոչումից։ Միայն թե մահն ավելի շուտ է վրա հասել, քան կոչումը։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին Մարգար Մելքոնյանը հերոսաբար ընկել է մարտում։

Մորաքրոջ տղան մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի հենց հջորդ օրն արդեն Մարգարի մարմինը տեղափոխել են Երևան, սակայն հարազատներին այդ մասին ոչ ոք չի հայտնել։ Բարեկամները նրա զոհվելուց միայն 13 օր հետո` նոյեմբերի 4֊ին են լուր ստացել այդ մասին։ Նրանք իրենց կապերով պարզել են, որ դին արդեն Երևանում է, որից հետո հայտնել են այդ մասին ծնողներին։

Մարգար Աշոտի Մելքոնյանը հուղարկավորվել է Եռաբլուրում։
Մենք նրան բացակա չենք դնում․․․
Տեսանյութ՝