«ՊրոԿրեդիտԲանկ»-ի վրա ավազակային հարձակման դեպքով հարուցվել է քրեական գործ
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:16-ին, ահազանգ է ստացվել, որ զինված հարձակում է տեղի ունեցել «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկի նկատմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:10-ին, անհայտ անձը մուտք է գործել բանկ, ատրճանակի սպառնալիքով բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար եւ դիմել փախուստի: Նախնական տվյալներով` հափշտակվել է 1 300 000 ՀՀ դրամ եւ 16 000 ԱՄՆ դոլար գումար:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակությունը` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը):
Կատարվում է նախաքննություն: