Կա՞ գեթ մեկ ապացույց, որ իշխանությունն ունի «ֆեյքերի ֆաբրիկա». Ալեն Սիմոնյանը՝ Մարուքյանին
«Դուք սա ինչո՞ւ եք հիմա բերել, որովհետև խնդիրը չոքեց ձեր դո՞ւռը»: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրխանյանը՝ մատնանշելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը ենթադրում է տուժ ու տուգանքեր զրպարտության համար՝ ենթարկելով քրեկան պատասխանատվության:
«Իմ քայլից» Բաբկեն Թունյանը կողմ է նախագծին, քանի որ ըստ նրա, Հայաստանում, հատկապես սոցցանցերում տիրում է գաղջ մթնոլորտ: «Հատկապես սոցանցերում՝ վիրավորանք, զրպարտություն, վիրավորանքով համեմված զրպարտություն, մանիպուլյացիա: Այդ միջավայրում առողջ խոսքն էլ է կորում, առողջ քննարկումն էլ է կորում: Այս խնդիրը պետք է լուծել: Չգիտեմ, թե այս նախագիծն այդ խնդիրն ինչքանով է լուծելու, բայց, որ մի քայլ առաջ է, հաստատ»,-ասաց Թունյանը:
«Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանն էլ իրեն համարեց ամենաշատ զրպարտված ու վիրավորված քաղաքական գործիչներից մեկը: «Հիմա այս նախագծով թերթերին դատի են տալու, «ֆեյքերի ֆաբրիկաները» շարունակեն աշխատե՞լ: Այդ «ֆեյքերի ֆաբրիկաներն» ի՞նչ անել»,- ասաց նա ու իշխանությանը մեղադրեց «ֆեյքերի ֆաբրիկա» ունենալու մեջ:
Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց Մարուքյանին. «Ես 1.5 ամիս առաջ Ձեր գործընկեր Տարոն Սիմոնյանին հրավիրել եմ, ուղարկել եմ մի Քրեական օրենսգրքում փոփոխության մի նախագիծ, որը նախատեսում է «ֆեյքերի ֆաբրիկաները» քրեականացնել: Չիջաք իմ մակարդակին, չեկաք այդ քննարկմանը»:
Անդրադառնալով իշխանությանը «ֆեյքերի ֆաբրիկա» ունենալու մեջ մեղադրելուն՝ նա ասաց. «5 ամիս առաջ ձեր գործընկերը հայտարարում էր, որ շուտով ցուցակները հրապարակելու են: Բա ձեր ասածը եթե զրպարտություն չէ, ապա ի՞նչ է: Կա՞ գեթ մեկ ապացույց, որ իշխանությունն ունի «ֆեյքերի ֆաբրիկա»: