«Իշխանությունը հեռանալու է, սիրով է հեռանալու, սիրով»․ Աղվան Վարդանյան
Իշխանությունը հերթական անգամ հրաժարվեց իր իսկ խոստումից և փոխեց՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու իր որոշումը, ինչը, ըստ քաղաքական գործչի, բնական բան է։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հավելելով․ «Այսօրվա իշխանությունները, որոնց ես «բեզպիլոտնիկ» եմ անվանում, մեջները մարդ չկա, բայց վնաս են տալիս, պաշտոնի են բերում մարդկանց, որոնք չափից դուրս նախկին են»։
Նա նկատում է, որ ՀՀ սահմանադրությամբ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն այսօր նման բան չկա։
«Հիմա իշխանությունը փորձում է փակել Փաշինյանի հրաժարականի սահմանադրական ճանապարհը, և բնական է, որ լինելու են ցնցումներ։ Լինելու է հանրային ճնշում։ Այն հեքիաթները, թե կառավարության հրաժարականի հանրային պահանջ չկա, իշխանությունների հերթական ստի դրսևորումն են»,- ասաց նա։
Ըստ Աղվան Վարդանյանի, եկել է ժողովրդի վրեժի ժամանակը։
«Անհրաժեշտ է այս վիճակն օր առաջ փոխել։ Սուտ խոսելով, խաբելով, իրենց սենյակներում փակվելով՝ իրենք ելք չեն գտնելու։ Իշխանություններն այս երկիրը կործանման եզրին են հասցրել։ Եվ իրենք հեռանալու են, սիրով են հեռանալու, սիրով»,- նշեց նա։