Ռուսաստանը հզորացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում և Միջերկրական ծովում
Ռուսաստանը մեծացնելու է Հայաստանում գտնվող իր ռազմաօդային ուժերի քանակը: Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության հետևանքով Ռուսաստանը որոշել է մեծացնել իր ռազմաօդային ուժերի քանակը Հայաստանում`այս մասին հաղորդում է թուրքական sondakika կայքը`հղում անելով ռուսական ՌԻԱ գործակալությանը:
Թուրքական աղբյուրի պնդմամբ տեղեկություն է ստացվել` Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Ռուսաստանը Երևանի մոտակայքում տեղակայված բազայում ունի 8 հատ MI24 և MI8 ռազմական ուղղաթիռներ և MIG 29 ինքնաթիռներ և նպատակ ունի մինչև տարվա վերջ մեծացնել ռազմաօդային տեխնիկայի քանակը: Խոսվում է նաև Գյումրի քաղաքի մոտակայքում գտնվող ռուսական ռազմաբազայի արդիականացման և համալրման մասին:
Նույն աղբյուրի պնդմամբ ռուսական «Ռստով նա Դոնու» ռազմական սուզանավը մտել է միջերկրական ծով և տեղավորվել Սիրիայի ափերի մոտ, որը զինված է գերժամանակակից հրթիռային համակարգերով: