Հայաստանում ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողներն ազատ են արձակվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնք ձերբակալվել էին 2021 թ-ի հունվարի 30-ին ՀՀ Սյունիքի մարզի Տեխ բնակավայրի շրջանում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից: Այս մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրում։
2021 թ-ի հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի (հատուկ նշանակության) ուժերը Վանք բնակավայրից Մաղավուզ են տարհանել Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողների, որտեղ նրանք հանձնվել են ադրբեջանցի բժիշկներին:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ», - ասված է հաղորդագրության մեջ: