Գորբաչովը պատմել է, թե որը պետք է լինի ղարաբաղյան հակամարտության լուծումը
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ընդ որում, ըստ նրա, այստեղ գլխավոր դերը Հայաստանինը և Ադրբեջանինն է. անհրաժեշտ է երկու կողմերի շահերից բխող լուծում գտնել՝ «առանց հաղթողների և պարտվողների»:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին: Շատ ծանր հարց է` հին, արմատներով անցյալը գնացող: Երբ այն սրվեց, մենք փորձում էինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին լուծում գտնել: Եվ հետագայում Ռուսաստանը ևս փորձում էր»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, որը ղեկավարել է երկիրը 1980-ականների վերջին` ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ:
Նախկին խորհրդային ղեկավարը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցվել են, կարևոր է կանգ չառնել, նորից տասնամյակներով խնդիրը չլուծված չթողնել:
«Հուսով եմ՝ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց գլխավոր դերը հակամարտության կողմերինն է»,- ասել է Գորբաչովը և հավելել, որ Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից` առանց հաղթողների և պարտվողների: