«Եթե ներկայացվի գրավոր պահանջ, ապա ԿԸՀ-ն կվերանայի հանրաքվեի արդյունքերը». Տիգրան Մուկուչյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև հավաքված ցուցարարները որոշել են երթը շարունակել և հետո կրկին վերադառնալ ԿԸՀ-ի առաջ:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ հաշվարկ է տեղի ունենում և շենքում այս պահին ուղիղ հեռարձակում է ընթանում, դրա համար այս պահին նրանց չեն կարողանում մոտենալ:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ մինչ այդ իրենք կշարունակեն երթն ու դարձյալ կվերադառնան ԿԸՀ շենքի մոտ:
Այդ ընթացքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատության»-ը ուղիղ եթերով տված իր հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձավ նաև ցուցարարների պահանջին. այն է` անվավեր ճանաչել կեղծված հանրաքվեի արդյունքերը:
«Եթե հանրահավաքի կազմակերպիչները ներկայացնեն հիմնավորված գրավոր պահանջներ, ապա մենք կվերանայենք արդյունքերն ու կտանք հստակ պատասխան: Առաժմ դրանք ներկայացվել են բողոք-ակցիաների ձևով: Բայց գոյություն ունի դիմում ներկայացնելու իրավական կարգ, որը հստակ ամրագրված է ՀՀ ընտրական օրենսգրքում»,- ասաց ԿԸՀ նախագահը` հավելելով, որ ցանկացած դիմում պատրաստ են քննարկել և տալ համապատասխան լուծում: