Երթի մասնակիցներին դիմավորեցին մահակներով ու սաղավարտներով
Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցների երթը ոչ միայն հսկում էին մեծ քանակությամբ ոստիկաններ, այլև նրանց երթուղին դեպի ԿԸՀ արգելակեց ոստիկանական պատը:
Երթի մասնակիցները չկարողացան շարունակել երթուղին, քանի որ ոստիկանները պաշտպանված էին մահակներով ու սաղավարտներով:
«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը բարձրախոսով ոստիկանությանը խնդրեց թույլ տալ մոտենալ ԿԸՀ շենքին եւ իրենց պահանջը հնչեցնել, հակառակ դեպքում, ստիպված են լինելու սպասել այնտեղ այնքան, մինչեւ որ ԿԸՀ շենքից ինչ-որ մեկը մոտենա իրենց ու լսի պահանջները:
«Մեր պահանջն է՝ անվավեր ճանաչել կեղծ քվեարկության արդյունքը: Մենք խաղաղ ենք, մենք խնդրում ենք տրամադրել հնարավորություն մոտենալ ԿԸՀ-ին և մեր պահանջը հնչեցնել այդ պետական մարմնի շենքի մոտ: Հակառակ դեպքում, մենք ստիպված ենք լինելու սպասել մինչև որևէ մեկը գա այստեղ՝ լսելու մեր պահանջը»,- հայտարարեց Ղուկասյանը: