«Մենք գիտենք ընկնել, բայց չծնկել». Րաֆֆի Հովհաննիսյան
Իշխանությունը հոգեվարքի մեջ է, ուստի հրամայել է ոստիկաններին վերջին կռիվը տալ սեփական ժողովրդի դեմ: Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք եկել ենք այսօր այստեղ, որ Հանրապետական կուսակցապետությանը ճամփու դնենք ու բարձրացնենք ՀՀ դրոշը»,- հայտարարեց նա:
«Ժառանգության» նախագահը դիմեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին՝ ընտրախախտումներին ընթացք տալու համար:
«Այսօրվա աննախադեպ հակաժողովրդական ահաբեկչության բոլոր մանրամասները, ապացույցները գտնվում են ձեզ մոտ: Ձեր մեջ կան քաղաքացիներ, որոնք մեղսակից դարձան, բայց կան նաև մարդիկի, ովքեր ունեն ապացույցներ ու մենք ակնկալում ենք, որ մինչև վաղը դուք հայ ժողովրդին կներկայացնեք պետական հանցագործության, հեղաշրջման փորձի բոլոր մանրամասներն ու համապատասխան քայլեր կատարեք: Հերիք է խաղ անեք հայ ժողովրդի, Սահմանադրության, օրենքի հետ, մենք խաղ անող չենք, մենք հարգանք գիտենք, մենք գիտենք ընկնել, բայց չծնկել»,- հայտարարեց նա: