«Ես պրոբլեմ չունեմ». Արշալույսի գյուղապետը` վերընտրվելու մասին (տեսանյութ)
Արմավիրի մարզի Արշալույս գյուղում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ անցկացվում են նաև գյուղապետի ընտրություններ: Վաղ առավոտից գյուղացիները ահազանգում էին, որ ընտրություններն անցնում են խախտումներով: Մասնավորապես, գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը իր թիմացկիների հետ միասին կանգնելով ընտրատեղամասերի մոտ գյուղացիներին հորդորում են քվեարկել իր օգտին, ասելով, որ հանրաքվեի մասով ինչ ուզում են թող անեն, բայց իրեն ընտրեն: Այս մասին ահազանգել էր նաև գյուղապետի մյուս թեկնածու Աշոտ Սարգսյանը: Newspress.am-ը շրջելով Արշալույսում ևս արձանագրեց, որ գյուղապետն ընտրատեղամասերի մոտ ակտիվորեն շփվում է գյուղացիների հետ: Նկարահանող խմբին տեսնելով գյուղապետը նստեց մեքենան ու արագ հեռացավ, բայց կարճ ժամանակ անց վերադարձավ, ասելով, որ իր հարազատ գյուղն է, այստեղ ինքը պրոբլեմ չունի ու մեզ հարցազրույց կտա միայն մյուս շաբաթ կամ կիրակի:
Գյուղապետը վստահ էր, որ ինքը վերընտրվելու է: Գյուղացիներն էլ թեև տեսախցիկի առջև հրաժարվեցին մանրամասներ ներկայացնել, բայց վստահեցրեցին, որ գյուղապետը մեքենաներով մարդկանց ուղեկցել է ընտրատեղամաս և որպես կաշառք վառելափայտ է բաժանել:
Հիշեցնենք, որ այս գյուղում առաջադրված գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է և ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրը: Մինչ դեռ գեներալ Գրիգորյանը սատարում է Աշոտ Սարգսյանին:
Մանրամասները` տեսանյութում