Մեր զավակներին կոտորել եք տալիս, որպեսզի հետո փիառ անեք, թե կռվելո՞վ եք հանձնել. Դուք մարդ ե՞ք, թե՞ անասուն.Արծվիկ Մինասյան VIDEO
Նոր որակի իշխանությունը պետք է իրականացնի Հայաստանի արժանապատվության վերականգնում, արտաքին այնպիսի քաղաքականություն վարի, որը կբացառի պատերազմը։ Այս մասին վարչապետի հրաժարականը պահանջող հարնահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:
Նա նկատեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել` ժողովրդին սպառնում է նոր պատերազմ, նոր արհավիրք։
«8 ամսում Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը «ապահովեց» 8000 զոհ՝ ռազմաճակատում, կորոնավիրուսից։ Սրա թիվ մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն է։ Հետևաբար բոլոր այս հանցագործները պետք է կանգնեն դատարանի առաջ, կրեն պատասխանատվություն, որպեսզի բացառենք հետագայում որևէ ազգադավ, հայրենադավ, նման հանցավոր իշխանության գոյությունը մեր երկրու»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, պետք է վերականգնել կոտրված տնտեսությունը, ստեղծել աշխատատեղեր, վերանայել արտաքին պարտքը, փոխել սոցիալական աննորմալ համակարգը։
«Կանգնում են ու անամոթաբար հայտարարում՝ եթե ավելի վաղ համաձայնվեինք ռազմական գործողությունների դադարեցմանը, մեզ կմեղադրեին Շուշին հանձնելու մեջ։ Այսինքն ի՞նչ՝ մեր զավակներին կոտորել եք տալիս, որպեսզի հետո փիառ անեք, թե կռվելո՞ վ եք հանձնել։ Դուք մարդ ե՞ք, թե՞ անասուն։ Այս երևութը վերացնել է պետք»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։