Տիկին Արփի Դավոյան, ասում եք` ընդդիմությունը պետք է ամաչի ԱԺ դռան կոտրած բռնակների համար, իսկ դուք ամաչո՞ւմ եք Արցախը հանձնելու համար. Իվետա Տոնոյան VIDEO
Պարտված երկրի վարչապետը, Արցախը հանձնած վարչապետն իրավական ու բարոյական իրավունք չունի լինելու Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավորողը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Իր խոսքում նա դիմեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանին.
«Տիկին Արփի Դավոյան, դուք ասում եք՝ ընդդիմությունը պետք է ամաչի ԱԺ դահլիճի կոտրած բռնակների համար. իսկապե՞ս, իսկ դուք ամաչո՞ւմ եք Արցախը հանձնելու համար, իսկ դուք ամաչո՞ւմ եք հարյուր հազարավոր արցախցի ընտանիքներին անտուն ու անհայրենիք թողնելու համար, իսկ դուք ամաչո՞ւմ եք մեր հազարավոր ընտանիքների տան ճրագը մարելու համար:
Դուք ինչպես եք պատկերացնում, որ Փաշինյանը շարունակելու է Ալիևի հետ բանակցություններն ու քննարկումները, երբ Ալիևն ամենավերջին ձևով ստորացրեց իրեն և ծիծաղի առարկա դարձրեց ՀՀ թիվ մեկ պաշտոնյային: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհի պրակտիկայում չկա նման բան, որ կապիտուլյացիայի ենթարկված պաշտոնյան շարունակի պաշտոնավարել...»: