Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց. ձայնագրությունները մոնտաժված են եղել
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը բավարարեց. Վանեցյանն ազատ արձակվեց։
Նշենք, որ այսօր նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դեռեւս չի քննվել։
Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ դատարանում քննարկման ընթացքում հետաքրքիր բացահայտումներ են եղել. «Այն փաստաթղթերը և արձանագրությունները, որոնք ներկայացվել էին դատարան, դրանց բովանդակությունը չէր համապատասխանում ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունների հետ, և մենք ներկայացրել ենք այդ փաստերը, դատախազը հայտարարեց, որ հասարակությանը ներկայացնելիս իրենք են որոշել և մոնտաժել են ձայնագրությունները: Բնականաբար չի ներկայացվել ապացույց, որը կարող էր փաստել, որ Արթուր Վանեցյանը հանցագործության հետ որևէ առնչություն ունի և ներկայացվում էր, որ այս փուլում ապացույցները անհրաժեշտություն չկա ներկայացնել»:
Նշենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։