ԼՂ-ում լարվածության աճը լուրջ խնդիր է տարածաշրջանի համար. Հունաստանի Լարիսայի քաղաքային խորհուրդ
Հունաստանի քաղաքներից Լարիսայի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որով դատապարտում է պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն: Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Լարիսայի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանային փխրուն կայունության համար:
«Լարիսայի քաղաքային խորհուրդը դատապարտում է՝ պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն: Մենք չենք ընդունում տարածաշրջանում լարվածությունը խաթարող երրորդ երկրի ցանկացած միջամտություն և, այս տրամաբանության մեջ, կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ որևէ գործողությունից կամ պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններից:
Մենք մեր խորին համոզմունքն ենք հայտնում, որ ցանկացած ճգնաժամ հնարավոր է կարգավորել միայն երկխոսության միջոցով, միջազգային և խաղաղության համար նախատեսված նորմերի միջոցով՝ այլ ոչ թե զենքի սպառնալիքով: Մենք մեր նվիրվածությունն ենք հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին: Եթե անհրաժեշտություն առաջանա, մենք կցանկանայինք համագործակցել Հունաստանում Հայաստանի դեսպանության հետ` հայ անչափահաս փախստականներին հյուրընկալելու հարցում` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ֆինանսավորմամբ»,-ասված է բանաձևում: