Զուգդիդիի բանկում պատանդ պահվող անձանցից 2-ն ազատ են արձակվել. պատանդ է մնում 17 մարդ (տեսանյութ)
Վրացի իրավապահների հատուկ գործողությունների արդյունքում Զուգդիդիի բանկում պատանդ պահվող անձանցից 2-ն ազատ են արձակվել ։Վերջին տեղեկություններով պատանդ է մնում 17 մարդ: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը լրատվամիջոցներին կոչ է արել պատանդների, իրավապահների և շարքային քաղաքացիների անվտանգության նպատակով, ինչպես նաև ոստիկանական միջոցառումների արդյունավետ իրականացման համար, անջատել լայվ-ազդանշանը և խուսափել ուղիղ եթերներ միացնելուց:
«Զուգդիդիում գործ ունենք շատ ծանր հանցագործության հետ, մեր քաղաքացիներին պատանդ են վերցրել, ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ներքին գործերի նախարարությունն անում է առավելագույնը, որպեսզի պատանդ վերցված քաղաքացիների կյանքն առանց վտանգելու , առողջությանը առանց վնաս հասցնելու նրանց ազատ արձակեն»,- հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սաբանաձեն:
Ոստիկանությունը հայտնաբերել է ահաբեկչին բանկ տեղափոխած տաքսու վարորդին: Այժմ վարորդը հարցաքննվում է:
Նշենք, որ ավելի վաղ հինգ պատանդ հրդեհային կռունկի օգնությամբ դուրս են եկել բանկի շենքից:
Իրավապահները նրանց տեղափոխել են ոստիկանության բաժին՝ հարցաքննության:
Ավելի վաղ «Վրաստանի Բանկի» աշխատակիցը, ով հարձակվողի հայտնվելուց մի քանի րոպե անց հասցրել է դուրս գալ բանկից, հայտնել է, որ զինված մի մարդ մտել է մասնաճյուղ, մի քանի կրակոց արձակել և պահանջել, որ բոլորը պառկեն հատակին: