ՀՀ տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` ԱԹՍ-ի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա. ԱՆ խոսնակ
Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»,- գրել է նա: