Այսօր` ժամը 12-ից հաստատվում է հրադադար` հումանիտար նպատակով, բայց հստակ պայմանները դեռ կհամաձայնեցվեն. ՎԻԴԵՈ
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Ղարաբաղում և դադարեցնել տասներեք օր շարունակված պատերազմը, որն ամենաարյունալին ու լայնատարածն էր 1994-ի հրադադարից ի վեր: Պայմանավորվածությունը ձեռք բերվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև ավելի քան տասը ժամ տևած բանակցություններից հետո:
Դռնփակ հանդիպման ավարտին տարածվեց արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որով կողմերը համաձայնում են հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից` ժամը 12:00 -ից` մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ:
Նշվում է, որ հրադադարի առավել հստակ պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն:
Միաժամանակ, կողմերը հավաստում են, որ բանակցությունների ձևաչափը փոփոխության ենթակա չէ, ինչպես նաև հայտարարում, որ սկսում են հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցություններ` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնարար սկզբունքների հիման վրա` խնդրի խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու համար: