Ադրբեջանը կլրացնի Թուրքիայում ռուսական գազի պակասը
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարությամբ է հանդես եկել և ներկայացրել Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ քննարկված թեմաները: Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դավութօղլուն հայտարարել է. «Մենք հասանք համաձայնության, ըստ որի`Տրանսանատոլիական գազամուղի կառուցումը պետք է կատարվի ոչ թե 2018 թվականին այլ ավելի շուտ: Մենք պարտավորվում ենք տրամադրել 9 միլիարդ դոլլար, իսկ ադրբեջանական կողմը 4 միլիարդ դոլլար»:
Դավութօղլուն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին և տեղեկացրել, որ Թուրքիան հարևանների հետ առաջացած բոլոր խնդիրները ցանկանում է լուծել սեղանի շուրջ բանակցությունների միջոցով:
Հիշեցնենք, որ Տրանսանատոլիական գազամուղը նախատեսում է Ադրբեջանի Շահդենիզ 2-ի գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպա:
Ալիևն ու Դավութօղլուն երկուստեք եղբայրության և բարեկամության կոչերով են հանդես եկել, որտեղ Դավութօղլուն շեշտել է, որ Թուրքիան բոլոր դժվար պահերին միշտ կանգնած է եղել եղբայրական Ադրբեջանի կողքին և օժանդակում է Ադրբեջանի «օկուպացված» հողերի ազատագրմանը և պաշտպանում է նրա տարածքային ամբողջականությունը: