Բոլոր տեսանյութերը հատուկ սարքած, մոնտաժված են. իմքայլական պատգամավորը՝ ոստիկանների կողմից քաղաքացիներին կոպտորեն բերման ենթարկելու մասին (տեսանյութ)
Արդեն որերորդ անգամն է՝ տեսանյութ է տարածվում, որ ոստիկանները բռնի ուժով քաղաքացիներին, որոշ դեպքերում՝ կանանց, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանության բաժանմունքներ ու դիմակ չդնելու պատմություն է: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
«Լավագույն դեպքում ոստիկանությունը կարող է տուգանել: Ես նախ դատապարտում եմ, իմ կարծիքով, այդ ոչ իրավաչափ քայլերը և կոչ եմ անում, նաև Ձեզ՝ պարոն Միրզոյան, որ դուք էլ միանաք, որ պահանջենք ծառայողական քննություն նշանակեն նման իրավիճակներում: Դուք ասել եք, որ դուք իշխանության չեք եկել, այլ ժողովուրդն է իշխանության եկել, հիմա այդ իշխանությանը փողոցներում անարգում և իրավունքները ոտնահարում եք»,- ասաց Մարուքյանը:
Նրան արձագանքեց իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը և ասաց, որ դատապարտելուց առաջ պետք հասկանալ՝ ինչ է եղել, բոլոր փասերով էլ իրականացվում է ծառայողական քննություն:
«Բայց նախօրոք ասեմ ձեզ, որ բոլոր տեսանյութերում այդ նկարագրված իրավիճակները շատ կարճ, հատուկ սարքած, մոնտաժված տեսանյութեր են, և նախապատմությունը ոչ մեկ չգիտի՝ ինչ է եղել, ինչպիսի դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը»,- ասաց Խաչատրյանը:
Նա խորհուրդ տվեց սպասել ծառայողական քննության արդյունքներին:
Մանրամասները՝ տեսանյութում