Գերեզմաններում թաղված մարդկանց էլ կարող են մեղադրել կոռուպցիայի մեջ, բայց բռնել տալով, ասֆալտին փռելով՝ երկիր չի կառուցվում. Վարդան Ղուկասյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը չգիտի, թե ինչու է պետական ապարատը դուրս բերվել ԲՀԿ դեմ, բայց արդեն լսլե է, որ իր դեմ ևս քրեական գործեր են նախապատրաստվում։
Անդրադառնալով Գյումրու քաղաքապետի թեկնածուների մասին շրջանառվող ու լուրերին ու մասնավորապես Արսեն Ջուլֆալակյանի թեկնածությանը, Վարդան Ղուկասյանը նկատեց, որ Արսեն Ջուլֆալակյանը լավ սպորտսմեն է, իսկ քաղաքապետի ինստիտուտը, նրա կարծիքով, գցել է իր վարկանիշը։
Վարդան Ղուկասյանը նաև համամիտ չէ այն կարծիքին, թե ամիսներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված հայտարարություններն ու պահանջը մեղմացել է։
«Ծառուկյանն ինչ ասում է, իր խոսքի տերն է, ինչ ասում է, անում է»,-ասաց պատգամավորը։
Նա նկատում է, որ Ծառուկյանը ոչ միայն քննադատում է, այլև լուծումներ է առաջարկում։ Ինչ վերաբերվում է նոր իշխանության գործելաոճին, ապա Վարդան Ղուկասյանն էլ իր հետևություններն է արել։
«Նրանք այսօր մի բառ են սովորել՝ կոռուպցիա։ Բոլորին էլ կարելի է վերից վար կոռուպցիայի մեջ մեղադրել՝ գերեզմաններում թաղված մարդկանց էլ կարող են մեղադրել կոռուպցիայի մեջ։ Գիտեք, ընդհանրապես, բռնել տալով, ասֆալտին փռելով երկիր չի կառուցվում։ Պիտի ապրեն ու ապրեցնեն։ Դա պետք է լինի սկզբունքը։ Թե չէ սրան-նրան բռնելով՝ հարց չի լուծվի։ Մարդուն հանցագործության մեջ մեղադրում են, հետո տասը օրից փողոցում քայլում է, անուններ չեմ ուզում տալ, դուք եք բզբզում»,-ասաց նա։