«Մենք պետք է որոշիչ քայլեր ձեռնարկենք». Լավրովը` ԼՂ հակամարտության մասին
Բելգրադում ԵԱՀԿ նախարարական 22-րդ խորհրդի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորմանը՝ շեշտելով, որ այն պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ` միմյանց հանդեպ հարգանքի, փոխվստահության և խաղաղ սկզբունքների հիման վրա:
Բելգրադից «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնել է, որ Լավրովը անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ շեշտելով, որ միակ լուծումը այս անգամ ևս խաղաղ բանակցության միջոցով համաձայնության գալն է:
«Մենք մտածում ենք, որ միայն այդ կերպ պետք է կարգավորվեն ԼՂ և մնացած հակամարտությունները: Խաղաղ բանակցությունը և կարգավորումը միակ ճանապարհն է ոչ միայն այս, այլև ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում»,- հայտարարել է Լավրովը:
Հարցին անդրադարձ է կատարել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Մենք պետք է որոշիչ քայլեր ձեռնարկենք և ճանապարհ գտնենք կարգավորելու բոլոր հակամարտությունները, դա կլինի ԼՂ հակամարտությունը, Ուկրաինական ճգնաժամը, վրացական խնդիրը և այլն»,- ասել է նա։
«Մտահոգված ենք ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ և կողմերին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր միջոցառումները` խնդրի խաղաղ կարգավորման համար»,- իր հերթին հայտարարել է ԵՄ hանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Բելգրադում են ԵԱՀԿ բազմաթիվ երկրների ԱԳ նախարարներ, այդ թվում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: