Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում արտոնյալ չեն. Փաշինյանը՝ դիմակ դնելու մասին (տեսանյութ)
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դպրոցներում և մանկապարտեզներում երեխաների դիմակ կրել-չկրելու խնդրին: Նա հայտարարեց, որ երեխաներն արտոնյալ չեն, և պետք է ենթարկվեն սահմանապակումներին:
«Կա պահանջ, որ դպրոցում երեխաները պետք է դիմակ դնեն: Ես ուզում եմ արձանագրել, որ մենք պարտադրված ենք անել նման քայլեր, որ թույլ չտանք վերադառնալ համաճարակային նոր ճգնաժամի, ու կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են: Ես ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային միջոցները, որոշումները, որ ընդունում ենք, մենք ինքներս ենք կիրառում ու պահպանում, մի բան էլ դեռ ավելի: Այն որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշներին, այլև մեր երեխաներին նույնպես, մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում, ոչ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն, այնպես որ, մենք կգնանք այս ճանապարհով, բայց մոնիթորինգ կանենք իրավիճակը»,-ասաց ՀՀ վարչապետը:
Նա ասաց, թե մոնիթորինգի արդյունքում համապատասխան անհրաժեշտ որոշում կկայացնեն, որ երեխաները հնարավորինս օր առաջ լիաթոք շնչեն և նշեց, որ այս ամենը արվում է, որ չվերադառնանք խիստ սահմանափակումների: