Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվողներն ու ովքեր՝ ծեծի ենթարկվածները․ Մալաքյան եղբայրների փաստաբանը լուսանկարներ է հրապարակել
Ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում են նրանց ստացած վնասվածքները։
«Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների ձերբակալման 72 ժամը: 2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին: Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած՝ ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին /փաստորեն՝ իրավապահ մարմիններից գրեթե բոլորի ներկայացուցիչներին/: Հիմա կհրապարակեմ Մալաքյան եղբայրների լուսանկարներից մի քանիսը, ու դուք ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկողներն ու ովքեր՝ ծեծի ենթարկվածները:
Ու այսքանից հետո նախաքննական մարմինը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել մի ընտանիքից երկու եղբայրներին կալանավորելու համար:
Հ.Գ. Ահա այսպիսի մթնոլորտում էլ ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում է առաջիկա գերկարևոր ֆուտբոլային հանդիպումներին»:
Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրները Կասկադի մոտակայքում պետավտոտեսուչների հետ վիճաբանել էին։ Ոստիկանությունից հայտնել էին, թե Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել: