Զգոն եղեք. համոզվեք, որ հետևում եք պաշտոնական էջերի. Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջը կեղծ գրառում է տարածել
Ադրբեջանական լրատվականները շարունակում են կեղծ լուրեր տարածել։
Այսպես, կայքերից մեկը գրել է, թե ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ահաբեկված գրառում է արել, այնուհետև՝ հեռացրել այն։
Լրատվակայքի փոխանցմամբ՝ Շուշան Ստեփանյանը գրել է, իբր հայ հանրությանը տրամադրվող պաշտոնական տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Լուրը արժանահավատ դարձնելու համար՝ հոդվածին կցված է նշված հրապարակման լուսանկարը։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ նշված գրառումն արվել է Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջից, դրանում առկա տեղեկատվությունն ամբողջապես կեղծ է։
Կեղծիքը բացահայտելու համար բավական է միայն ուշադրություն դարձնել verified տարբերակիչի բացակայությանը, ինչպես նաև այն փաստին, որ լուսանկարն արվել է հենց էջը տնօրինողի կողմից, քանի որ հրապարակումը պահպանված է «միայն ինձ համար» (only me) տարբերակով։
ՊՆ խոսնակն այդ մասին գրել է.
«Հարգելի քաղաքացիներ, զգոն եղեք և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար համոզվեք, որ սոցցանցերում հետևում եք պաշտոնական էջերի և հավաստի աղբյուրների»: