«Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»․ քրեական ոստիկանությունը Հայրապետյանի ընտանիքին պատկանող հանգստյան գոտում է եղել
Երեկ քրեական ոստիկանության ծառայողները ինչ-որ անհասկանալի գործողություններ են կատարել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող և Հանքավանում գտնվող հանգստայան գոտում։ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հրաժարվել են մասնակցել որևէ գործողության, քանի որ դրանց իսկությունը անհասկանալի է եղել․
«Այո, Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող հանգստյան գոտում քրեական ոստիկանության աշխատողները մեզ համար շատ անհասկանալի ինչ-որ գործողություններ էին կատարում, ես դրա անունը չգիտեմ, թե ինչ դնեմ։ Դրանք ինքնին իրավաչափ չեն կարող լինել ։ Մենք մեր առարկությունները ներկայացրել ենք ու հրաժարվել ենք մասնակցել որևէ գործողության։ Չգիտեմ, թե մեր գնալուց հետո իրենք այնտեղ ինչ են արել։ Դեպքի վայր էին զննում, մինչդեռ այնտեղ հանցագործության դեպք տեղի չի ունեցել, ինչ-որ անհասկանալի գործընթացներ էր։ Իմ դուրս գալուց մեկ ժամ հետո ինձ զանգով ասացին, որ գնացել են, թե ի՞նչ են արել, չեմ կարող ասել։ Սա արդեն զավեշտի է հասնում, ես երեկ կարգին հաղորդումից մեջբերում էի արել, որ «ժողովուրդ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։ Ռուբեն Հայրապետյանի շուրջ քրեադատավարական պրոցեսները շատ շուտվանից օրենքից դուրս են եկել»,- ասաց Մակինյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն էին կատարել նաև Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում , ինչպես նաև առերևույթ դեպքի ժամանակ դեռևս չկառուցված այլ հյուրանոցում։
Խուզարկությունը տեղի էր ունեցել «ապօրինի ազատությունից զրկելու» վերաբերյալ հանրահայտ գործի շրջանակներում, ըստ որի՝ ենթադրաբար, ապօրինի անձին ազատությունից զրկել են, խոշտանգել են կամ ինքնիրավչություն են կատարել։
Մակինյանը hraparak.am-ի հետ զրույցում ասել էր, որ դատարանը խուզարկության ապօրինի թույլտվություն է տվել քննիչներին, որը պատրաստվում են բողոքարկել։ Առգրավել էին նաև հյուրանոցի ընդունարանի համակարգիչները և հյուրանոցային համալիրի փաստացի գործունեությունը կասեցվել էր։ Մակինյանն ասաց, որ վերադարձվել է ընդամենը մեկ համակարգիչ և հյուրանոցի գործունեությունը շարունակում է խաթարված մնալ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում