ԱԱԾ-ում ասելու եմ այն, ինչ ասել եմ ձեզ և ՍԴ դիմաց և նախկինում․ Ռուբիկ Հակոբյանը մտավ ԱԱԾ շենք
Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը չի հասկանում, թե ինչու իրեն Ազգային անվտանգության ծառայություն կանչեցին Սահմանադրական դատարանի դիմաց արված հայտարարությունից հետո, եթե ինքը մինչ այդ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը քննադատող հայտարարություններ արել է։
Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրեն ԱԱԾ կանչել են սահմանադրական կարգի հետ կապված կոչեր անելու համար, սակայն նախկինում, այնպես էլ այսօր իր տեասկետը նույնն է։
«Ես ԱԱԾ-ում ասելու եմ այն, ինչ ասել եմ ձեզ և ՍԴ դիմաց, և նախկինում։ Իսկապես պետք է Սահմանադրական դատարանին տեր կանգնել, որովհետև միակ բաստիոնն է, որ կարողանում է կենդանության նշույլներ ցույց տալ ու չի ենթարկվում վարչապետի բռնապետական նկրտումներին, մենք պետք է կարողանանք պաշտպանել այդ մարդկանց, մեկ տարի օր ու գիշեր նրանք պայքարում են այս ամենի դեմ»,- ասաց Հակոբյանն ու մտավ ԱԱԾ շենք։
Հիշեցնենք, որ նա հայտարարել էր․ թե՝ եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը, ի վերջո, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի սահմաններում իշխանությունը փոխել հնարավոր չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ հակաօրինականության դաշտում է գործում։