Իսկ Սերժ Սարգսյանը` որպես ՀՀԿ ղեկավար, զանգվածային բազում ընտրակեղծիքներ չի կատարե՞լ. իրո՞ք. Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անշուշտ հավատում եմ, որ Բարգավաճը ընտրակաշառքներ կարող է բաժանած լինի:
Իսկ Հանրապետականը՞: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընտրակաշառքներ չի բաժանե՞լ: Իրո՞ք:
Իսկ Սերժ Սարգսյանը՝ որպես այդ կուսակցության ղեկավար՝ զանգվածային բազում ընտրակեղծիքներ չի կատարե՞լ: Իրո՞ք:
Այն՝ ինչին ականատես ենք լինում՝ արդարադատություն չէ: Ընտրովի արդարադատություն է: Եվ քանի որ այն հավասարաչափ արդարություն չի ապահովում՝ ապա պարզ է դառնում, որ սա վրեժի կամ պատժի գործիք է:
Իրական՝ հեղափոխական իրավիճակում կամ հեղափոխական տրմաբանության մեջ՝ այս զարգացումները կարող էին ողջունելի լինել: Որպես առանձին դրվագ՝ դրանք էլի ողջունելի են, բայց որպես ընդհանուր երևույթ՝ ոչ, որովհետև սա վաղը՝ որպես գործիք կարող է և օգտագործվել այլ հակառակորդների դեմ, մինչդեռ հիմնական մեղադրվողներն ու ուժերը մնում են ազատության մեջ:
Ընդ որում՝ Փաշինյանն ու իր գլխդատախազը, մեղմ ասած, բացառված է, որ անգամ մինչև մեր պսևդոհեղափոխությունը չիմանային թե ինչպես է Բարգավաճ Հայաստանը պարբերաբար անցել խորհրդարան: Ընդհանրապես կար հրաշալի հնարավորություն դեռևս երկուս և կես տարի առաջ՝ ուղղակի հեռացնել Բարգավաճին քաղաքական ասպարեզից և չգնալ անտեղի, անթույլատրելի և անմաքուր գործարքի:
Իրականում այս գործընթացների առաջացնելիք ալիքներին դիմագրավելու ուժ իշխանությունն այլևս չունի: Այս ալիքը դեպի հետ է գնալու»: