«Իշխանությունները պետք է գոնե հետաձգեն հանրաքվեն». Արամ Մանուկյան
«Ժողովրդի միայն 10-15 տոկոսն է կողմ Սահմանադրական փոփոխություններին, մինչդեռ դեմ արտահայտվողները՝ եռապատիկ կամ քառապատիկ են»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա կարծիքով` նման տվյալների դեպքում իշխանությունը գոնե առնվազն պետք է հետաձգեր հանրաքվեն, իսկ եթե չեն կարող դա անել, գոնե պետք է թույլ տան այն անցկացնել առանց իրենց միջամտության:
«20-25 օրվա հանդիպումներից հետո այսօր կարող եմ եզրակացնել, որ ժողովուրդը դեմ է ոչ թե ինչ-որ Սահմանադրության, այլ իշխանությունների ներկայացրած ծրագրին: Երկրորդ, ժողովրդի մոտ կա վիրավորվածություն, որ իրեն չեն տվել նախագիծը, որի համար ասում են՝ կողմ քվեարկիր: Երրորդ, բերքի հանդեպ իշխանության արհամարհանքն ավելի է բարկացրել մարդկանց: Չորրորդ, եթե նախկինում ժողովուրդը հայհոյում էր այս իշխանություններին, այսօր արդեն անիծում է»,- հավելեց նա: