Հայաստանում սկսվել է COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը
Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ սկսում են COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը: Հայկական գիտահետազոտական ներուժը պետք է հնարավորինս օգտագործվի քաղաքականության մշակման համար:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀԱՀ-ի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանին COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումներում ներդրված անձնական մեծ ջանքի և նվիրումի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը:
Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը, ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հետ համագործակցելով, սկսել է COVID-19 նկատմամբ հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները։ Հետազոտության նպատակն է պարզել COVID-19 ունեցող հիվանդների հետ առաջնագծում աշխատող բուժաշխատողների շրջանում հիվանդության նկատմամբ հակամարմինների տարածվածությունը։ Հետազոտության մեջ կընդգրկվեն ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողները, որոնք ներկայումս զբաղվում են COVID-19 ունեցող հիվանդների բուժմամբ և խնամքով։ Հետազոտության հարցաթերթը մշակվել է համանման հետազոտությունների իրականացման ԱՀԿ ուղեցույցի հիման վրա։
Հետազոտության հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել բնակչության շրջանում: