Արցախ մուտք կգործեն միայն նրանք, ովքեր կունենան կորոնավիրուսի բացասական թեստի պատասխան. Արայիկ Հարությունյան
Կորոնավիրուսի հետ կապված Արցախում խստացումներ կլինեն` հաշվի առնելով ՀՀ-ում վարակակիրների դինամիկայի աճը։ Այդ մասին Facebook-ի ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այսօր պարետատան նիստում երկու կարևոր խստացում կլինի, որոնցից մեկը կվերաբերի թաղումներին քաղաքացիների մասնակցության սահմանափակումներին, մյուսը՝ Արցախ մուտք գործելիս կորոնավիրուսի թեստավորման բացասական պատասխանի վերաբերյալ թղթի պարտադիր առկայությանը։
«Գրեթե ամեն օր 500-600 մարդ Հայաստանից Արցախ ելումուտ ունի, հետևաբար ամեն օր Արցախ մուտք գործել է թույլատրվում վարակի համար պոտենցիալ աղբյուր հանդիսացող քաղաքացիների։ Այսօր պարետատանը ծանր հանձնարական է լինելու, բայց պետք է կյանքի կոչել, այն է՝ սահմանը հատել միայն ձեռքին ունենալով Covid19 բացասական արդյունք։ Նշեմ, որ Պաշտպանության բանակը վաղուց օգտագործում է այդ պրակտիկան։ Կհանձնարարենք անցակետերում ունենալ արագ թեստի հնարավորություն այն քաղաքացիների համար, որոնք եկել են ու համապատասխան թուղթը չունեն։ Սա առաջին ամենախիստ կանոնն է լինելու, որը պիտի իրականացնեք», - ասաց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ անկախ թեստերից՝ կնվազեցվի մադկանց մուտքն Արցախ, մինչև ՀՀ-ում վարակման տեմպերը կնվազեն։
Հարությունյաննը նաև նշեց, որ թեև այս պահին չկա դիմակը պարտադիր կրելու պահանջ, սակայն, իր համոզմամբ, դա մոտ ապագայում պետք է պարտադիր դառնա։