Շնորհակալություն Անժելա Էլիբեգովային. Արա Ղազարյան
Փաստաբան Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի պատասխան Հանրային խորհրդի նախագահի գրառմանը Անժելա Էլիբեկովայի վերաբերյալ, մասնավորապես, երբ կասկածի տակ է դրվում նրա գործունեությունը որպես ադրբեջանագետի: Արդեն երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացվող բոլոր գանգատներում Անժելա Էլիբեգովայի և Արմինե Ադեբեկյանի հեղինակած «АРМЯНОФОБИЯ В АЗЕРБАЙДЖАНЕ» գիրքը ներկայացվում է որպես հավելված: Կրկնում եմ՝ որպես հավելված, այլ ոչ թե որպես տողատակի հղում: Այս աշխատության ապացուցողական նշանակությունը դժվար է գերագնահատել: Իրավաբանների համար դրա ամենամեծ արժեքը նրանում ինֆորմացիայի առատությունն է ու համակարգվածությունը: Դա հենց այն է, ինչ անհրաժեշտ է իրավաբանին միջազգային ատյանում հիմնավորելու համար ռասիզմի առկայություն մեկ այլ պետությունում: Իմ իրավաբան գործընկերները դա կհաստատեն: Ե՛վ մեթոդաբանության, և՛ բովանդակության առումով ես դեռ չեմ հանդիպել առավել հիմնավոր աղբյուր, քան վերը նշված հետազոտությունն է՝ առնվազն իմ ոլորտում՝ դատավարության մեջ օգտագործելու նպատակով: Այդ աշխատության մեջ դեռ ոչ մի փաստ չի հերքվել մեր հակառակորդների կողմից: Ու այդ գիրքը արդեն տվել է իր պտուղները, երեք ամիս առաջ, ու դեռ շատ խոչընդոտներ է օգնելու մեզ հաղթահարելու այդ գիրքը:
Շնորհակալություն Անժելա Էլիբեգովային ու Արմինե Ադիբեկյանին այդ հետազոտությունը կատարելու համար»: