Այսպես թե այնպես վարակի տարածումն անխուսափելի է. մինչև մայիսի վերջ կունենանք 10 հազար վարակված. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է քաղաքացիներին շարունակել պահպանել սոցիալական հեռավորություն և հետևել անձնական հիգիենային:
Նա լրագրողների հետ զրույցում նկատեց, որ մոտ մեկ ամիս առաջ ԱՀԿ-ն Հայաստանի համար կանխատեսել էր կորոնավիրուսային վարակի մինչև 500 հազար դեպք, 10 հազարից ավելի հոսպիտալացման դեպքեր և հազարավոր մահեր։ Նախարարի խոսքով՝ դա տեղի չունեցավ, քանի որ իրենց հաջողվեց զսպել բռնկումը և վիրուսի տարածումը։
«Մենք կարողացել ենք կորը հարթեցնել, և մեզ մոտ սրագագաթ պիկ չի եղել։ Միգուցե, թեթև բլուր ունենք, որը պետք է աստիճանաբար իջնի ներքև, իսկ թե երբ դա կհաջողվի, չեմ կարող ասել»,- նշեց Թորոսյանը։
Միևնույն ժամանակ նա նկատում է, որ հաստատված դեպքերն ավելանում են։
«Եթե մայիսի վերջին մենք ունենանք վարակի 10 հազար հաստատված դեպք, դա, իհարկե, վատ կլինի, բայց լավ կլինի 50 հազարի համեմատ, ինչը մենք պարզապես չենք կարող կառավարել։ Եվ բոլոր երկրներն անցնում են այս փուլերով»։
Արսեն Թորոսյանը համամիտ է, որ սահմանափակումների վերացմամբ թվերի աճ կգրանցվի, սակայն նաև նշում է, այսպես թե այնպես վարակի տարածումն անխուսափելի է:
«Մինչև մայիսի վերջ 10 հազար հաստատված դեպք է կանխատեսվում, 10 հազարը իրատեսական սցենար է, և այն բարձր է այն իմաստով, որ բոլորի նկատմամբ չենք կարողանա վերահսկողություն սահմանել, և շատերին հիվանդանոցներից տուն կուղարկենք»,- ասաց Արսեն Թորոսյանը։