Տեղաշարժի թերթիկները կհանվեն, կբացվեն սրճարանները, վարսավիրանոցները, սննդի և այլ կետեր․ չի գործի միայն տրանսպորտը․ էկոնոմիկայի փոխնախարար
Մայիսի 4-ից անվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Այդ մասին այսօր ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։
Նա միևնույն ժամանակ նշեց, որ հանրային տրանսպորտի արգելքը պահպանվելու է։
«Այն մնում է, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման հետ կապված», – ասաց Սիմոնյանը:
Փոխնախարարի խոսքով՝ փակ են լինելու մոլերը և հանրախանութները, սակայն դրանց տարածքում գործող սննդի, պարենային խանութները, դեղատները, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրատեսակների շուկաները կգործեն:
Նա հավելեց, որ կգործեն նաև բացօթյա տարածք ունեցող ռեստորանները, սրճարաններն ու բարերը։ Կբացվեն նաև բուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները, կթույլատրվի նաև արգելոցների գործունեությունը։
Ինչ վերաբերվում է սպորտային օբյեկտներին, ապա Սիմոնյանը նշեց, որ դրանց գործունեությունը կթույլատրվի՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար։ Կթույլատրվի նաև սպորտային ակումբների գործունեությունը։
Կգործեն նաև անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները։