Աշոտյանն իր արած լավությունը օմբուդսմենի երեսով է տալիս
ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ օմբուդսմենը կարող է վերականգնել իր խարխլված հեղինակությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով նախօրեին Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:
Ըստ նրա Կարեն Անդրեասյանը «բարդույթավորված» է մնացել ԱԺ-ի վերջին քննարկումներից հետո: Արմեն Աշոտյանը հիշեցնում է, որ ժամանակին, երբ օմբուդսմենը նոր էր ընտրվել և ցանկանում էր դառնալ հանրային հնչեղություն ունեցող անձնավորություն` ինքն օգնել է նրան:
«Ցավում եմ, որ նրա գործունեության մեջ PR-ը սկսում է հաղթել բովանդակությանը»,- ասաց նախարարը։
Աշոտյանը նաև նկատեց, որ պարտադիր չէ դառնալ օմբուդսմեն, որպեսզի ծանոթ լինեն կրթական ոլորտում առկա խնդիրներին, քանի որ դրանք նոր չեն:
«Մենք գիտեինք այդ խնդիրները` առանց իր շոուների»,- նկատեց Աշոտյանը` հավելելով, որ օմբուդսմենն ահազանգը պետք է ուղարկեր այլ գերատեսչություն:
Շենք-շինությունների համար պատասխանատուն ընդհանուր առմամբ կառավարությունն է, սակայն գերատեսչական մասով` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Նշեմ, որ այսօր հանրապետությունում վերանորոգման կարիք ունի շուրջ 400 դպրոց, ուստի օմբուդսմենի աշխատակազմի համար ամեն օր այն կարող է դառնալ մամուլի հաղորդագրության կամ սերիալի թեմա»,- եզրափակեց Աշոտյանը։