Մահացել է ճանաչված գործարար և բարերար Արման Նորհատը
Չիկագոյում ութսունհինգ տարեկանում վախճանվել է ճանաչված գործարար եւ առատաձեռն բարերար Արման Նորհատը։ Այդ մասին հայտնում է «Ազգ»-ը:
Ըստ «Միրոր-Սփեքթեյթրի» նա ծնվել էր 1934 թվի հունիսի 16-ին Քրիստինե եւ Օննիկ Նորհատյանների ընտանիքում, ովքեր մեծ Եղեռնի ժամանակ փախել էին Թուրքիայից նրանց ընտանեկան սիրով եւ քրիստոնեական հավատով մեծացած Արմանը սովորել էր Կիլմեր միջնակարգ եւ Սուլիվան ավագ դպրոցներում, ապա նաեւ Պյուրդյու համալսարանում։ Մագիստրոսի գիտական աստիճան էր ստացել «Նորթվեստերն բիզնես սքուլից»։ Աշխատել էր նախ ծնողների հիմնադրած «Յունիոն կորդ» արդյունաբերական ձեռնարկությունում, ապա եւ «Բեր Ստիըրնզ» ընկերությունում, որտեղ շնորհիվ իր որոնողական բնավորության եւ անբասիր հետեւողական աշխատասիրության ինստիտուտոցիոնալ վաճառողից աստիճանաբար բարձրացել է եւ դարձել ընկերության բաժնետերերից մեկը։ Նրա ջանքերով ընկերության Չիկագոյի մասնաճյուղը մեծապես բարգավաճել է։ Թոշակի անցնելուց հետո շատ է ճանապարհորդել եւ զբաղվել քանդակագործությամբ։ Նվիրված է եղել հայկական համայնքին, անդամակցել է ՌԱԿ-ին, ԹՄՄ-ին, ՀԲԸՄ-ին եւ Հայկական համագումարին՝ ակտիվ գործունեություն ծավալելով եւ միաժամանակ բարեգործական ծրագրեր իրականացնելով։ 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Չիկագոյի հայկական համայնքում դրամահավաք է կազմակերպել եւ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել հայրենիքին։ Նա նաեւ ՀԲԸՄ-ի «Նորհատ կենտրոնը» դարձրել է աշխույժ հավաքավայր Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչների համար։ Նրան ճանաչողները հաստատում են, որ իր բարի ժպիտով նա կարողանում էր դրական լիցք հաղորդել շուրջ բոլորը եւ բարձրացնել հավաքվածների տրամադրությունը։
Ներկա համաճարակի սահմանափակումների պատճառով նախատեսվում է առաջիկա ամռանը կամ աշնանը հանդիսավոր հուշ-երեկո կազմակերպել նրա հիշատակին Կենիլուորթի (Իլինոյս) սուրբ Մխիթարիչ եկեղեցում։
«Ազգ»ը խորապես ցավակցում է նրա տիկնոջը՝ Մարիլինին, 3 զավակներին՝ Դավիթին, Միքայելին, Սթիվնին եւ եղբորն ու քրոջը։